Կաթի վերամշակման սարքավորումների արտադրության ոլորտում համաշխարհային ճանաչում վայելող «Դե Լավալ» ընկերությունը հրավիրել էր կաթի արտադրության բնագավառի գիտաշխատողներին և «Դե Լավալ» ընկերության դիլերներին աշխարհի տարբեր երկրներից` |Շվեդիայում կազմակերպված գիտաժողովի շրջանակներում կովերի կյանքի տևողության հարցերի շուրջ քննարկմանը: Ավելի քան 15 զեկուցողներ Կանադայից, ԱՄՆ-ից, Շվեդիայից, Նիդեռլանդներից, Ֆրանսիայից, Իսրայելից, Դանիայից և շատ այլ երկրներից քննարկեցին կովերի կյանքի տևողության հետ կապված խնդիրները: Կաթի ֆերմայի մակարդակում հարկադիր սպանդի ենթարկվող կովերի բարձր տեսակարար կշիռը պայմանավորվում է հիվանդություններով կամ վերարտադրողական խնդիրներով, որոնց պատճառը կենդանիների բարեկեցության ցածր մակարդակն է, որն էլ իր հերթին ազդում է կաթի ֆերմաների եկամտաբերության վրա: Հարկադիր սպանդի հիմնական պատճառների վերացումը կհանգեցնի կովերի բարեկեցության բարելավմանը և տնտեսության եկամուտների աճին: Անասունների հարկադիր սպանդի ցուցանիշները դեռևս խիստ բարձր են Հայաստանում` հատկապես բարձր կաթնատվություն ունեցող ներմուծված ցեղատեսակների շրջանում: Եվրոպայի և Հարավային Ամերիկայի շատ ֆերմերներ արձանագրել են այդ ցուցանիշի ցածր մակարդակ, որը վկայում է այն մասին, որ նրանք որդեգրել են պահվածքի և կառավարման այնպիսի գործելակերպեր, որոնք կանխում են հիվանդությունների առաջացման խնդիրները: Ինչպես նշվեց դոկտոր Ջ. Ռուշենի և Ա. Մ. Դե Պասիլեի (Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիաների կրթական և գիտահետազոտական կենտրոն, Կանադա) կողմից կազմված զեկույցում` հետազոտողների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ներկայում կովերի մեծ մասը սպանդի է ենթարկվում վատ առողջության և բարեկեցության վատ պայմանների պատճառով: Այս եզրահանգման կարելի է գալ` նաև ուսումնասիրելով կովերի սպանդի պատճառները, որոնք թվարկվում են ֆերմերների կողմից: Եվրոպայի և Հարավային Ամերիկայի կաթի արտադրության ինտենսիվ համակարգերի մեծ մասում կաթնատու կովերի հարկադիր սպանդի հիմնական պատճառներն են` վերարտադրողական խնդիրները, կրծաբորբը (մաստիտ) կամ պտուկի վատ վիճակը, կաղությունը, ոտքերի ու պճեղների հիվանդությունները, կամ այլ տեսակի հիվանդություններն ու վնասվածքները: Կյանքի տևողության կրճատումը պայմանավորվում է նաև հորթերի հիվանդությունների և անկումների (մահացության) բարձր ցուցանիշով, իսկ հորթի խնամքի կառավարման վատ պրակտիկան կարող է բացասաբար ազդել նրա հետագա կյանքի տևողության վրա: Հայտնի է, որ խոշոր եղջրավոր անասունների կյանքի տևողությունը կարող է հասնել 20 և ավելի տարի, սակայն, անասնապահական այն ֆերմաներում, որտեղ պահվում են Եվրոպայից ներմուծված կովի ցեղատեսակներ, դրանց հարկադիր սպանդի ցուցանիշը խիստ բարձր է ներմուծելու առաջին երկու տարիներին: Ավելին, այդ ֆերմաներում շատ քիչ է այն ներմուծված կովերի թիվը, որոնց կյանքի տևողությունը 6 տարուց ավելի է. այս հանգամանքը բացատրվում է տարբեր պատճառներով: Կան շատ գործոններ, որոնք ներմուծելուց հետո ազդում են կովերի անկման վրա: Առաջինը` երկար տրանսպորտային փոխադրման հետ կապված սթրեսն է: Այնուհետև, ամենակարևոր գործոնն այն միջավայրն է, որտեղ ներմուծվում, պահվում և կերակրվում են կովերը: Տնտեսությունների մեծ մասը չունի անասնաշենքային և կերակրման պայմաններ: Հայաստանը չունի կենդանիների բարեկեցության ստանդարտներ կովերի ո′չ տեղական, և ո′չ էլ ներմուծված ցեղատեսակների համար: Ավստրիայի կամ Գերմանիայի հարմարավետ գոմերից ու կանաչ արոտավայրերից կովերը տեղափոխվում են հայաստանյան անասնապահության իրականություն, որտեղ որևէ ֆերմեր չգիտի (կամ նրանց միայն մի մասն է տեղյակ), թե ինչ են նշանակում «կենդանիների բարեկեցություն», «կովերի համարավետություն» հասկացությունները և ֆերմերային տնտեսության կառավարման սկզբունքները: Խոշոր եղջերավոր անասունների տեղական ցեղատեսակները սովոր են պահվածքի և հիգիենայի վատ պայմաններին ու ցածրորակ կերերին: Նման պայմաններում տեղական ցեղատեսակները կարող են գոյատևել և անգամ` որոշ սննդամթերք արտադրել: Բարձր կաթնատվություն ունեցող կովերն ավելի զգայուն են այն խնդիրների հանդեպ, որոնք հանգեցնում են դրանց հարկադիր սպանդին: Այն ֆերմերները, որոնք ընտրվել են ներմուծված կովեր ստանալու համար, պետք է անցնեն ֆերմերային տնտեսության արդի կառավարման մեթոդների ինտենսիվ ուսուցում, որպեսզի կարողանան բարելավել անասնաշենքային և կերերի արտադրության պայմանները ոչ թե այնպես, ինչպես իրենք են ցանկանում, այլ այնպես, ինչպես «ցանկանում» են տեսնել ներմուծված կովերը: Այլ կերպ ասած, նրանք պետք է կառուցեն նոր գոմեր կամ վերաձևավորեն հին գոմերը` «կովի աչքերով» գոմի դիզայնի պատկերացման հիման վրա: Վճռորոշ գործոնները, ամենայն հավանականությամբ, վերաբերում են այն խնդրին, թե արդյոք ներմուծված կովերը կարող են դրսևորել իրենց առաջնահերթ վարքագիծը և խուսափել վախից, ցավից ու անհարմարավետությունից, որոնք դառնում են հիվանդությունների ու վաղաժամ սպանդի պատճառներ: Այդուհանդերձ, Հայաստանում շատ ֆերմերներ կարողանում են ապահովել կովերի կյանքի երկար տևողություն և հարկադիր սպանդի ցածր մակարդակ: Այդ ֆերմերները պահում են տեղական կովեր, գնում են բարձրորակ անհրաժեշտ պարագաներ (օրինակ` սերմնահեղուկ արհեստական սերմնավորման համար, կերային հավելումներ), ինչպես նաև կիրառում են վերջին երկու տասնամյակներում ոլորտի գիտական նվաճումները: Նրանք կիրառում են ֆերմերային տնտեսության կառավարման լավագույն գործելակերպերը, որոնք հանգեցնում են կենդանիների բարեկեցության մակարդակի զգալի բարելավմանը և ֆերմերային տնտեսության եկամտաբերության աճին` ապահովելով տեղական ցեղատեսակների կովերի 3500-ից մինչև 4000 լիտր կաթնատվություն: Գիտաժողովում Լենե Մունկսգարդը (անասնաբուծական- անասնաբուժական գիտությունների դեպարտամենտ, Արհուսի Համալսարան) իր զեկույցում նշեց, որ խոշոր եղջրավոր անասունները լուսաակտիվ կենդանիներ են, իսկ կաթնատու կովերը` սոցիալական կենդանիներ և, որ շատ կովեր ապրում են խմբերով, բաց գոմային կամ բացօթյա պայմաններում (արոտավայրերում): Ուստի, կովերը պետք է մրցակցեն խմբի այլ անդամների հետ ռեսուրսների (օրինակ` կեր և պառկելատեղ) հասանելիության համար: Մրցակցությունը կարող է առաջացնել արձագանքում սթրեսային իրավիճակներին և, ժամանակային սահմանափակումների պարագայում կովերը (հատկապես բարձր կաթնատվություն ունեցող կովերը) սնվելու փոխարեն կարող են գերադասել պառկել, մասնավորապես այն դեպքերում, երբ պահվում են նույն գոմում, ինչ որ տեղական ցեղատեսակները: Բարձր կաթնատվություն ունեցող ցեղատեսակների համար պետք է ապահովել պատշաճ աշխատանքային պայմաններ, այնպես, որ կովի համար ազատ և հեշտ հասանելի լինեն կերի ու հանգստի տարածքները: Ավելին, անհրաժեշտ է խուսափել վերախմբավորումից կամ առնվազն կատարել հավասարակշռված վերախմբավորում: Շվեդիայի Գյուղատնտեսական գիտությունների համալսարանի Կենսահամակարգերի ֆակուլտետի անասնաբուծության կենսահամակարգերի տեխնոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր Քրիստեր Բերգստենն իր զեկույցում գիտաժողովի մասնակիցներին ներկայացրեց երկարաժամկետ ուսանելի ուղերձներ առ այն, թե ինչու է կարևորվում ներդրումների կատարումը նոր գոմերի շինարարության մեջ: Այդ հիմնական ուղերձները խիստ օգտակար կլինեն նաև հայ ֆերմերների համար` մասնավորապես նրանց համար, ովքեր ներմուծել կամ դիմել են Եվրոպայից բարձր կաթնատվություն ունեցող ցեղատեսակներ ներմուծելու համար: Հիմնական ուղերձներն են. Ներդրումներն ուղղեք հետևյալի ապահովմանը` 1. փափուկ, առաձգական հատակածածկ` գերազանց որակի ռեզինից, 2. պինդ հատակի վրայից մեզի հեռացման ցամաքուրդ` հատակին տալով թեքություն, որի միջով կանցնեն մեզի հեռացման ջրատարներ. 3. ռեզինե, խսրիրապատ և հերձաքարի սալիկներով պատված հատակներ քերիչներով` ավանդական կամ ռոբոտացված (գոմաղբի հեռացման քերիչային, ճոպանաքերիչային տրանսպորտյորներ). 4. կերակրման կանգնելատեղեր` ռեզինե ուղեգորգերով, 5. կարծր նյութերի և ջրի հեռացման ելքեր, անցուղիներ դեպի արոտավայր: Այնուհետև, Ուտրեխի համալսարանի գյուղատնտեսական կենդանիների առողջության ֆակուլտետի անասնաբուժական-բժշկագիտության ամբիոնի դոկտոր Ֆրանկ Ջ.Ս.Մ վան Էրդենբուրգը խոսեց կլիմայական պայմանների փոփոխության մի քանի կարևոր հարցերի մասին, որոնք ակտուալ են մայրցամաքային կլիմայական պայմաններ ունեցող երկրների համար (ինչպիսին է Հայաստանը)` տաք ամառներով և ցուրտ ձմեռներով: Զեկույցի առանցքային ուղերձներն էին` 1. Անասնաշենքում չպետք է զգացվի կեղտի հոտ: 2. Անասնաշենքի ներսում ջերմաստիճանը չպետք է լինի դրսի ջերմաստիճանից >5 °C-ից բարձր: 3. Երբ դրսում ջերմաստիճանը >20 °C-ից բարձր է, անասնաշենքում պետք է տեղադրվի օդափոխիչ`սառը ջրի ջրցան համակարգով: 3. Անասնաշենքում չպետք է լինեն վնասակար տարածքներ կամ տարածքներ, որտեղ փչում են միջանցիկ քամիներ: 4. Անասնաշենքում հարաբերական խոնավությունը պետք է տատանվի 50-80%-ի սահմաններում: 5. Փոշին և սարդոստայները վատ օդափոխության ցուցիչներն են: Անասնաշենքերում առկա թունավոր գազեր «Ամոնիակը (NH3) անասնաշենքերում առկա ամենատարածված թունավոր գազերից մեկն է: Դրա կոնցենտրացիան չպետք է գերազանցի անասնաշենքերի համար սահմանված սպանդարտը: Անասնագոմերում, որտեղ կան գոմաղբի համար նախատեսված նկուղներ, գոմաղբի խառնելը կարող է առաջացնել նաև այլ գազերի արտանետումներ: Մեթանի (CH4) և ծծմբաջրածնի (H2S) մեծ քանակությամբ արտանետումները կարող են առաջացնել վտանգավոր (պայթյունավտանգ) իրավիճակներ և առողջական խնդիրներ, սակայն, եթե առկա է ջրածնի ցիանիդ (HCN) (նշի նման հոտ), ապա վերանում է ինչպես կովերի, այնպես էլ մարդկանց առողջությանը սպառնացող վտանգը», նշեց դոկտոր Ֆրանկ Ջ.Ս.Մ վան Էրդենբուրգը: Ջերմաստիճանն անասնաշենքի ներսում Կովերը գերադասում են (մարդկային ստանդարտների համեմատությամբ) համեմատաբար զով միջավայր: Բարձր արտադրողականություն ունեցող անասունների պահվածքի (շենքային պայմանների) օպտիմալ ջերմաստիճանը պետք է լինի –5 ից +15˚C-ի սահմաններում: Լակտացիայի շրջանում, բարձր կաթնատվություն ունեցող կովերի պահվածքի նվազագույն կրիտիկական ջերմաստիճանը (LCT/ՆԿՋ) ավելի ցածր է` –30˚C: Սա ենթադրում է, որ –30 ˚C-ից բարձր ջերմաստիճանում, նրանք չեն ունենա լրացուցիչ կերի անհրաժեշտություն` իրենց մարմնի ջերմաստիճանը պահպանելու համար: Ցամաք կովերի համար ՆԿՋ-ն տատանվում է –5˚C-ից 0˚C-ի սահմաններում: Միջավայրերի 15˚C-ից բարձր ջերմաստիճաններում լակտացիայի շրջանում կովերի մոտ տեղի է ունենում կերի չոր նյութի կլանման կրճատում` բազային նյութափոխանակության մակարդակը կրճատելու նպատակով: Արդյունքում, նրանք ավելի քիչ կաթ են արտադրում: Ուստի, ամառային տաք օրերին, ֆերմերները պետք է ապահովեն զով պայմաններ: Եթե կովերը գտնվում են բացօթյա տարածքում, ապա նրանց անհրաժեշտ է ստվեր, առատ քանակությամբ թարմ, սառը ջուր: Ըստ դոկտոր Ֆրանկ Ջ.Ս.Մ վան Էրդենբուրգի կողմից ներկայացված տվյալների` ձմռանը կովերը չունեն տաքացման կարիք, ավելին, եթե դրսում ջերմաստիճանը – 30 C-ից ցածր չէ, ապա լակտացիայի շրջանում կովանոցի դռներն ու պատուհանները պետք է լայն բացվեն: Ջերմաստիճանների տարբերությունն անասնաշենքի ներսում և դրսում Քանի որ կովերը նախնըտրում են զով կլիմա, օդափոխության քանակը չպետք է նվազեցվի, եթե ջերմաստիճանն իջնում է 0˚C-ից ցածր: Սա կնպաստի դրսում և ներսում ջերմաստիճանների միջև տարբերության մեծացմանը: Կովերի ռեկտալ ջերմաստիճանի և միջավայր ջերմաստիճանի միջև տարբերության մեծացման արդյունքում բարձրանում է անասնաշենքի օդի տաքությունը` ջերմատարողության կորստի պատճառով: Անասնաշենքի ներսում ջերմաստիճանը չպետք է լինի դրսի ջերմաստիճանից ավելի քան 5 ˚C-ով բարձր, որպեսզի կանխվեն միջանցիկ քամիներով պայմանավորված և օդակաթիլային եղանակով փոխանցվող հիվանդությունների առաջացումը (տե′ս` ստորև): Այսպիսով, ցուրտ եղանակներին օդափոխությունը պետք է ավելացվի: Սակայն, եթե ջերմաստիճանն իջնում է 0 ˚C-ից ցածր, ապա անհրաժեշտ է ձեռնարկել ջրի, խողովակների և գետնի վրա գտնվող գոմաղբի սառչելը կանխարգելող նախազգուշական միջոցառումներ: Ամռանը անասնաշենքի ներսում ջերմաստիճանը պետք է ավելի ցածր լինի, քան դրսում: Հարաբերական խոնավություն Հարաբերական խոնավությունն անասնաշենքում պետք է լինի 50-80%-ի սահմաններում: Բարձր կաթնատվություն ունեցող կովերն օրական արտադրում են մոտ 10կգ խոնավություն, որը արտանետվում է կովերի շրջակա միջավայր (անասնաշենք): Բարձր հարաբերական խոնավությունը ցանկալի չէ, քանի որ այն կարող է վնաս պատճառել կովերին` երկու եղանակով: Առաջինը` տաք պայմաններում կովերը չեն կարող գոլորշիացնել այնքան ջուր, որքան անհրաժեշտ է, և արդյունքում, ջերմային սթրեսն էլ ավելի մեծ վնաս կհասցնի նրանց: Երկրորդը` դրսում ավելի սառը եղանակային պայմաններում, ներս թափանցող թարմ օդը կսառեցնի անասնաշենքի տաք, խոնավ օդը և, քանի որ օդի մեջ պարունակվող ջրի քանակությունը կախված է ջերմաստիճանից, ապա տեղի կունենա օդի խտացում (կոնդենսացիա) և կձևավորվի աերոզոլ: Շնչելով աերոզոլը` կովերն այդ կերպ հեշտությամբ կփոխանցեն նաև օդածին վարակիչ ագետները, քանի որ մասնիկները, որոնց վրա տեղի է ունենում խտացումը, կարող են լինել բակտերիաներ կամ վիրուսներ: Ջրով շրջապատված լինելու շնորհիվ դրանք կգոյատևեն ավելի երկար ժամանակ և շնչառական ուղիներով կներթափանցեն կովերի խորը շնչառական օրգանները` թոքերը: Իր եզրափակիչ խոսքում դոկտոր Ֆրանկ Ջ.Ս.Մ վան Էրդենբուրգը նշեց. 1. Կովերն արտադրում են ավելի շատ կաթ ավելի հարմարավետ միջավայրում: 2. Կովերը կարող են ավելի երկար ապրել ավելի հարմարավետ միջավայրում: Վիճելի է այն, որ Հարավային Ամերիկայում և Արևմտյան Եվրոպայում կաթի բնագավառի համար մշակված կենդանիների բարեկեցության հստակ սպանդարտների որդեգրումը Հայաստանում, ինչպես նաև տեխնիկական աջակցությունն ու խորհրդատվական ծառայությունները, կօգնեն Հայաստանի ֆերմերներին հաղթահարել ներկայում առկա շատ մարտահրավերներ:
Հեղինակ` Գագիկ Սարդարյան