Ազատանի ԳԱՍԿ-ն ընդլայնում է իր ծառայությունների շրջանակները

09 Նոյ‎ 2016

2012 թվականից ի վեր Շիրակի մարզի Ազատան համայնքում գործում է Գյուղատնտեսական և անասնաբուժական սպասարկման կենտրոն (ԳԱՍԿ)։ Արհեստական սերմնավորման ոլորտում մասնագիտացված և անասնաբուժական ժամանակակից սարքավորումներով և գործիքներով հագեցած կենտրոնն ընդլայնում է իր ծառայությունների շրջանակները՝ առաջարկելով գյուղ․ տեխնիկայով ծառայություններ ինչպես Ազատան, այնպես էլ հարակից համայնքների գյուղացիական տնտեսությունների համար։

Ս․թ․ հոկտեմբերի 14-ին Ազատանի ԳԱՍԿ-ի տնօրեն Վարդան Պապոյանի և «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի միջև կնքվեց պայմանագիր՝ լիզինգով «Ջոն Դիր» արտադրության  տրակտորի և ռեվերսիվ գութանի ձեռք բերման  վերաբերյալ։ Այս գործարքով ընդլայնվում է ԳԱՍԿ-ների ծառայությունների ցանկը ու նոր գործընթացի սկիզբ է դրվում։ Այդ նոր ծառայության կիրարկումը  մեծապես նպաստելու է մեքենատրակտորային պարկի թարմացմանը, ինչպես նաև գյուղատնտեսական աշխատանքների վրա ծախսվող ժամանակի խնայողությանն ու աշխատանքների արդյունավետության բարձրացմանը։

Նույն օրը «ՔԱՐԴ ԱգրոՍերվիս» ՓԲԸ-ի կողմից կազմակերպվեց ամերիկյան «Ջոն Դիր», Հնդկական «Շաքթիման» և «Ֆիլդքինգ» ընկերությունների սարքավորումների ցուցադրություն դաշտում՝ հնարավորություն ընձեռելով ֆերմերներին տեղում ծանոթանալու սարքավորման աշխատանքի և կիրառման եղանակների հետ։

Ինչպես նշեց «ՔԱՐԴ ԱգրոՍերվիս» ՓԲԸ-ի ներկայացուցիչը․ «Ուսումնասիրելով եվրոպական և հնդկական շուկաները, ծանոթանալով որակին և գնին՝ մենք հասկացանք, որ ձեռք բերելով Շաքթիման ընկերության արտադրանքը, մենք ստանում ենք եվրոպական որակ՝ մատչելի գներով»։