09 Նոյ 2016
2016 թվականի փետրվար ամսին հայկական պատվիրակությունը, ՀՀ Գյուղատնտեսության նախարար պարոն Սերգո Կարապետյանի գլխավորությամբ պաշտոնական այցով մեկնեց Հնդկաստան։ Պատվիրակության անդամները հնարավորություն ունեցան հանդիպելու գյուղատնտեսական տեխնիկա մատակարարող մի շարք ընկերությունների հետ։ Պատվիրակության կազմում էր ՔԱՐԴ հիմնադրամի տնօրեն պարոն Գագիկ Սարդարյանը։ Տարբեր խոշոր ընկերությունների ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպումների և հետագա քննարկումների արդյունքում ՔԱՐԴ-ը որոշեց համագործակցել Ֆիլդ Քինգ և Շաքթիման ընկերությունների հետ։ Արդյունքում ընկերությունն արդեն ներմուծել է տրակտորի բարձրորակ կցորդիչ սարքավորումներ (պտտվող գութաններ, հողաֆրեզ, շարժական հողաֆրեզ, խոտ հավաքող անիվավոր սարք, կտրատված ճյուղերի մամլիչ, պարարտանյութի ցրիչ)։
Սեպտեմբերի 16-ին ՔԱՐԴ ԱգրոՍերվիս ՓԲԸ-ն կազմակերպեց Շաքթիման սարքավորումների ցուցադրություն դաշտում՝ «Գործընկերություն հանուն գյուղական համայնքների զարգացման» ծրագրի շրջանակներում, հնարավորություն ընձեռելով ֆերմերներին տեղում ծանոթանալու սարքավորման աշխատանքի և կիրառման եղանակների հետ։ Ցուցադրությանը ներկա էր նաև Շաքթիման ընկերության արտահանման գծով մենեջեր պարոն Տուշար Կավալը։ «Շաքթիմանը հողի մշակման սարքավորումներ արտադրող ամենախոշոր ընկերությունն է աշխարհում, որը տարեկան վաճառում է 75000 սարք։ Շաքթիման տեխնիկայի առավելությունը կայանում է պատշաճ որակի և մատչելի գնի մեջ։ Պահեստամասերը երկարակյաց են։ Ընկերության արտադրանքը մատակարարվում է 70 երկրներ, հաճախորդները գոհ են, շահութաբեր գործ է»,- փաստեց պարոն Տուշարը։
Սարքերից մեկը ցուցադրելիս պարոն Տուշարը նշեց․ «Նշված սարքը մանրացնում է խոտը, ճյուղերը և այլ գյուղատնտեսական մնացորդներ՝ վերածելով դրանք կենսահումուսի, այսինքն՝ այլևս այրելու կարիք չի լինում։ Մնացորդներն այրելիս վնասվում է հողը, աղտոտվում է շրջակա միջավայրը։ Ուստի այս սարքը նպաստավոր է ինչպես ֆերմայի, այնպես էլ շրջակա միջավայրի համար»։
Ֆերմերները բավականին տպավորված էին ցուցադրմամբ, նրանք ստացան իրենց հարցադրումների պատասխաններն ու քննարկեցին հետագա համագործակցության հեռանկարները։