09 Նոյ 2015
Շիրակի մարզի Բանդիվան համայնքում տեղակայված կաթ արտադրող ֆերման այժմ արդեն գործում է բարձրորակ տեխնոլոգիայի առկայությամբ, որը ներկրվել է ՔԱՐԴ ԱգրոՍերվիս ՓԲԸ-ի կողմից՝ ԴեԼավալ ընկերության հետ համագործակցության շրջանակներում։ Այժմ ֆերման ունի ժամանակակից դիզայն, անասնաշենք, գոմաղբի մաքրման ավտոմատացված համակարգ և կթի համար նախատեսված գերժամանակակից սրահներ։
Ֆերմայի սեփականատեր Դավիթ Կարապետյանի համար 2007թ․-ին պանրի փոքր գործարան հիմնելու հիմնական խթան հանդիսացավ համայնքում աշխատատեղերի ստեղծումը։ Այդ ժամանակ ֆերման կաթ ստանում էր մոտակա 5 համայնքներից՝ Բայտառ, Ցողամիտ, Բանդիվան, Ամասիա և Ազիզբեկով։ Ֆերմայում աշխատողների ընդհանուր քանակը 15 էր։ Սեփական կաթ արտադրելու և վերամշակելու ցանկությունը ընտանիքին ստիպեց զբաղվել անասնապահությամբ և կառավարել 50 գլխաքանակ ունեցող և կաթ արտադրող մի հին ֆերմա։ Սակայն, ներկայիս ֆերմայով ավելիին հասնել հնարավոր չէր, ուստի պանրի գործարանին կից պրն․ Կարապետյանը նոր ֆերմայի համար տարածք ձեռք բերեց և 2014թ.-ին դիմեց ՔԱՐԴ ԱգրոՍերվիս ՓԲԸ-ի անձնակազմին՝ նոր խոշոր նախագծի իրագործման համար։ Ժամանակակից ֆերմայի հիմնումը տևեց ութ ամիս։ Սարքավորումների տեղադրման աշխատանքներն ավարտելուց հետո, որոնք իրականացվել են ՔԱՐԴ ԱգրոՍերվիս ՓԲԸ-ի մասնագետների կողմից, ԴեԼավալ ընկերության ներկայացուցիչներ Օլեգ Պավլովը և Լեոնարդ Զիգերտը հատուկ այցով ժամանեցին Հայաստան՝ ծրագրի իրականացման վայրում վերահսկողական աշխատանքներ անցկացնելու նպատակով։ «Մենք արդեն երկար տարիներ է, ինչ համագործակցում ենք ՔԱՐԴ ԱգրոՍերվիս ՓԲԸ-ի հետ։ Մենք ունենք նույն փիլիսոփայությունը՝ օգնել Հայաստանի ֆերմերներին հետագա զարգացման և ձեռքբերումների հարցում։ Ես շատ ուրախ եմ Բանդիվան համայնքում տեսնել ավարտուն նախագիծ։ Միակ էական դիտարկումը վերաբերում է ֆերմայի կառավարմանը, որը մեկ օրվում լուծվող խնդիր չէ։ Այն պետք է լինի սովորեցնելու և սովորելու մշտական գործընթաց։ Ժամանակակից տեխնոլոգիաներն օգտագործելու հետ մեկտեղ ֆերմերները պետք է լինեն լայնախոհ, կիրառեն բոլոր ընդհանուր ձեռքբերումները, որոնք մենք արդեն ունենք և կիսում ենք նրանց հետ»․- նշեց Օլեգ Պավլովը Բանդիվան կատարած այցից հետո։
Ներկայումս կաթի ֆերման ունի 220 անասնագլուխ։ Մոտ ապագայում այս թիվը ամենայն հավանականությամբ կկրկնապատվի։ Ամբողջ համալիրում աշխատողների քանակը արդեն հասնում է 60-ի․ 40-ը Բանդիվանից, մնացածը՝ մոտակա համայնքներից։ Ամեն տարի մթերվում է 600-700 տոննա կաթ, տեղական շուկայի համար արտադրվում և սպառվում է 60-70 տոննա պանիր՝Լոռի, Չանախ և Սուլուգունի։